Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ծնունդ` ռումբերի ներքո. tsnndatun.am

Ծնունդ` ռումբերի ներքո. tsnndatun.am

Երևանի Քանաքեռ–Զեյթուն ծննդատան մանկաբարձական ծառայության ղեկավար Արմեն Բաղդասարյանը կիսվում է իր վկայությամբ՝ Ստեփանակերտում Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ռումբերի պայթյունների ներքո ծննդաբերության ընդունման մասին։

Պատերազմի 6–րդ օրն էր։ Արփինեն ծննդատուն եկավ հոկտեմբերի 2–ի առավոտյան։ Մենք զարմացած էինք, քանի որ շատերն արդեն տեղափոխվել էին Երևան կամ Հայաստանի այլ քաղաքներ։ Ի սկզբանե` Արփինեի հայացքում վախ չկար։ Նա մեզ ասաց, որ հեռանալու մտադրություն չունի, չնայած քաղաքը ռմբակոծվում էր անօդաչու թռչող սարքերով, հրետանիով և հրթիռներով։

Կեսօրին արդեն լսվում էին ռումբերի պայթյունները։ Ծննդաբերությունը ձգձգվում էր, և մենք սկսեցինք խթանման գործընթացը։ Արփինեն հանգիստ էր, նույնիսկ կատակում էր։ Ռմբակոծությունները հետզհետե սաստկանում էին։ Աստիճանաբար անհանգստությունն աճում էր, թեև մեզ համար առաջին անգամը չէր, առաջին ծննդաբերությունը չէր: …Բայց հիմա պատերազմ էր, և ռմբակոծություններն ավելի ու ավելի էին ուժեղանում։ Իսկապես վտանգավոր էր։ Մենք անհանգստանում էինք ծննդկանի համար և ժամանակ առ ժամանակ իջնում նկուղային հարկ՝ ռմբակոծություններից պաշտպանվելու: Սակայն այնտեղ մանկաբարձական օգնություն տրամադրելու համար չկային բավարար պայմաններ ու ռիսկը մեծ էր։ Ռմբկոծությունները պակասելուն պես բարձրանում էինք վերև։ Ծննդկանը զգում էր իրավիճակի ամբողջ լրջությունը, բայց վստահեցնում էր, որ հավատում է մեզ և որ ամեն ինչ լավ է լինելու։ Ըստ մանկաբարձության կանոնների, ցանկալի կլիներ ծննդաբերությունը կեսարյան հատմամբ ավարտվեր` ապահովելու ապագա մոր և երեխայի անվտանգությունը։ Հրավիրեցինք անեսթեզիոլոգ Բալասանովին, ով տասնյակ տարիների փորձ ուներ` դեռևս առաջին Արցախյան պատերազմից: Նրա օգնությամբ էպիդուրալ ցավազրկում կատարվեց։ Ամեն գնով փորձում էինք ծննդալուծել բնական ճանապարհով։ Արփինեն անընդհատ ասում էր, որ վստահում է մեզ, թեև ցանկացավ, որ մայրը ներկա լինի ծննդաբերությանը, ինչին համաձայնվեցինք։

Կրակոցներն ավելի ու ավելի էին ուժեղանում, դառնում էին ավելի ճնշող և մենք նկատում էինք, որ Արփինեն սկսում էր կորցնել ինքնատիրապետումը։ …Ստիպված ենք վերադառնալ նկուղային հարկ։ Միակ սփոփանքն այն էր, որ ծննդաբերությունը դրական հունով էր ընթանում։ Մենք հավատում էինք, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվելու… Ապավինում էինք Աստծո զորությանը և ինքներս` մեր ուժերին… Այդ ամբողջ ընթացքում բժիշկների, բուժքույրերի և մանկաբարձների մեր թիմը մենակ չէր։ Մեր գործընկերները և հիվանդանոցի ղեկավարությունն իրենց պարտքն էին համարել լինել մեր կողքին՝ օգնելու խոսքով և գործով։

Հոկտեմբերի 3-ին, կեսգիշերն անց, լսվեց նորածին Արևիկի ճիչը։

Ծափահարություններն ու ուրախության ճիչերը ցնցեցին նկուղի պատերը։ Բառերը չեն կարող նկարագրել բոլոր հույզերը, բոլորի հայացքում ուրախության արցունքներ էին։ Արփինեն հերթով համբուրում էր բոլորին։ Նրա երախտագիտությունը սահմաններ չուներ։

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԳԱՑՈՒՄ... ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԻԱՍԻՆ ԷԻՆՔ...
ԿՅԱՆՔԸ ՀԱՂԹԵՑ ԵՎ ԱՅԴ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ ԱՊՐԵԼ...

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ